Ինչու և ինչպես սկսել RECOMMERCE բիզնես. Վինտաբիլիայի օրինակը

2024-03-26

Ինչպես համատեղել օգուտն ու օգտակարը՝ օգտագործելով օգտագործվածը:

 

Ի սկզբանե սա էր հոդվածի վերնագիրը, բայց այն չափազանց երկար էր, մի քիչ շփոթեցնող և SEO տեսանկյունից ոչ այնքան նպատակահարմար: Բայց, քանի որ ողջ հոդվածը թվացյալ անպետքը պետքական դարձնելու մասին է, օգտագործենք այս վերնագիրը` բացատրելու համար, թե ինչ է Recommerce-ը, ինչու զբաղվել դրանով և ինչ քայլերից սկսել:

 

Իսկ մինչև օգուտին, օգտակարին, օգտագործելուն ու օգտագործվածին անցնելը, սահմանենք վերնագրի այն երկու բառերը, որոնք միգուցե անծանոթ են:

 

 

Recommerce

 

1. Տերմին, որը մենք չկարողացանք (կամ չհամարձակվեցինք) թարգմանել հայերեն:
2. Բիզնեսի տեսակ, որի շրջանակներում վաճառվում են օգտագործված իրեր:

 

 

Վինտաբիլիա

 

1. Բրենդ, որը վերաձևավորում է հին հագուստը՝ ստեղծելով վինտաժային ոճի եզակի հավաքածուներ և խթանելով կայուն նորաձևությունը Հայաստանում:
2. Բրենդ, որի հիմնադրի հետ հարցազրույցից մեջբերումներ կգտնեք հոդվածում, որպես ոգեշնչում և ապացույց, որ Հայաստանում հնարավոր է հաջողությամբ զբաղվել Recommerce-ով:

 

 

ՕԳՏԱԿԱՐԻ ՄԱՍԻՆ, ԿԱՄ RECOMMERCE-ՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ 1

Ինչու՞ է Recommerce-ը օգտակար: Օգտակար ասելով՝ նկատի ունենք օգտակար բնության, առողջության, ապագայի ու նման (մեր կարծիքով բավականին կարևոր) բաների համար:

 

Նախ, մի քանի թիվ Բնության համաշխարհային հիմնադրամից.


• Նոր հագուստի արտադրությունը բնությունը վնասող երկրորդ ոլորտն է՝ նավթարդյունաբերությունից հետո:
• Բամբակյա մեկ վերնաշապիկի արտադրությունը պահանջում է 2700 լիտր ջուր և արտանետում է 18 կիլոգրամ ածխաթթու գազ:
• Վերաօգտագործումն ամեն տարի կանխում է ավելի քան 15 միլիոն տոննա թափոնի՝ աղբավայրերում հայտնվելը:
• Եթե յուրաքանչյուրս տարին մեկ անգամ նորի փոխարեն օգտագործված իր գնի, ածխաթթու գազի տարեկան արտանետումները կնվազեն 2.5 միլիարդ կիլոգրամով:

 

 

Եվ մեկ մեջբերում՝ Վինտաբիլիայից

 

«Վերջերս մի երեխայի պատմում էի, թե ինչ է Վինտաբիլիան, ու սկսեցի այսպես՝ այս էս գլխարկը, որ հագել ես, կպատկերացնե՞ս, որ դրա արտադրության վրա 1 տոննա ջուր է ծախսվել, լիքը վատ նյութեր են դեպի օդ գնացել, իսկ հագնելուց հետո այն գնալու է աղբավայր ու շարունակի վնասել մեզ բոլորիս»:

 

Այո, յուրաքանչյուր նոր իրի արտադրություն, վաճառք և հատկապես դեն նետում վնասում է միջավայրը: Եվ այդ վնասն ամենևին փոքր չէ: Անգամ մեկ «անմեղ» գնդակի արտադրություն սպառում է ջուր և էներգիա, աղտոտում միջավայրը ածխաթթու գազով, ստեղծում թափոններ (ավելացող գունանյութեր, պլաստիկ, փաթեթավորման նյութեր և այլն), իսկ վերջում լավագույն դեպքում հայտնվում է ցանկացած բիզնեսից արագ «աճող և զարգացող» աղբավայրերում, վատագույն դեպքում էլ՝ մասնատվում միկրոպլաստիկի և իր պատվավոր տեղը գտնում ջրի և սննդի մեջ:

 

Իսկ նույն գնդակը գնելով երկրորդ ձեռքից՝ խուսափում եք նոր թափոններից, արտանետումներից, ռեսուրսների վատնումից, ինչպես նաև օդի, ջրի և սննդի աղտոտումից:

 

«Երբ ինձ ասում են «նորմալ գործ չկա՞, որ դրանով զբաղվես, ինչի՞ նորմալ բիզնեսով չես զբաղվում», ասում եմ, որ պետք է շարունակենք այս գործը, պետք է հանրությունը կրթենք այնքան, մինչև սա նորմալ չդառնա: Բնությունը պահպանելը, էթիկական բիզնեսը, էթիկական ապրելակերպը պետք է նորմալ դառնա»․ Վինտաբիլիա

 

Իսկապես, Recommerce-ի օգտակարությունը զուտ նոր իրերի արտադրության նվազեցման մեջ չէ: Ընտրելով այս ուղին՝ մասն եք դառնում մի շարժման, որն ամեն կերպ փորձում է պաշտպանել բնությունը:

 

Այնպես որ, եթե ցանկանում եք հարստանալ առանց աղբավայրերը հարստացնելու, ընտրեք Recommerce-ը:

 

 

ՕԳՈՒՏԸ, ԿԱՄ RECOMMERCE-ՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ 2

Արդյո՞ք օգտագործված իրերի վաճառքը կարող է իրական շահույթ բերել:

 

Նորից սկսենք թվերից՝

 

• Ըստ thredUP-ի՝ 2024թ. Recommerce շուկայի ընդհանուր եկամուտը կկազմի 64 միլիարդ դոլար: Երկու տարի առաջ այն ընդամենը 28 միլիարդ էր:
• Ըստ նույն աղբյուրի՝ օգտագործված հագուստի շուկան մինչև 2026թ. կաճի 127%-ով՝ երեք անգամ ավելի, քան հագուստի ընդհանուր շուկան:
• Ըստ eBay-ի՝ 2022թ. օգտագործված իրեր են գնել Gen Z ներկայացուցիչների 80%-ը, իսկ Millennial-ների 78%-ը:
• Ըստ McKinsey-ի՝ սպառողների 60%-ը պատրաստ է վճարել ավելին՝ բնությունը խնայող ապրանքների համար:

 

Ըստ ամենայնի՝ օգտագործված իրերն աճող պահանջարկ ունեն, և չնայած այս թվերը Հայաստանի մասին չեն (ցավոք, տեղական շուկային վերաբերող տվյալներ գոյություն չունեն), ըստ հավաստի աղբյուրների՝ պատկերը Հայաստանում նույնքան հուսադրող է:

 

«Սկզբում կարծում էինք, որ Վինտաբիլիան մեծ ռիսկ է լինելու: Կարծում էինք՝ հետաքրքրությունը քիչ կլիներ, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է upcycling-ը, կայուն նորաձևությունը: Բայց, ընդամենը մեկ շաբաթ գովազդից հետո, հսկայական հետաքրքրություն առաջացավ, որ դեռ շարունակում է աճել»․ Վինտաբիլիա

 

Եթե պահանջարկն ու ընդլայնվող շուկան բավարար պատճառ չէ Recommerce-ը լավ բիզնես հնարավորություն համարելու համար, ահա ևս հինգը՝

 

1. Recommerce բիզնես սկսելը համեմատաբար ոչ ծախսատար է: Կարող եք սկսել 15-20 ապրանքով, մեկ համակարգչով և փոքրիկ պահեստով (անգամ մեկ պահարանով):

2. Տեղական Recommerce շուկան, մեղմ ասած, ոչ հագեցած է, իսկ ենթաշուկաների մեծ մասը՝ բոլորովին ազատ: Հետևաբար, վաճառք ապահովելը շատ ավելի հեշտ է:

3. Զբաղվել Recommerce-ով նշանակում է ունենալ դիրքավորման արդեն գծված ռազմավարություն: Առաջարկելով օգտագործված իրեր՝ Դուք միանգամից առանձնանում եք ընդհանուր շուկայից՝ թե գնով, թե ապրանքային գծով, թե գաղափարախոսությամբ:

4. Recommerce-ը կայուն է սոցիալ-տնտեսական վայրիվերումների հանդեպ: Ավելին, բարդ ժամանակաշրջանները, երբ սպառողներն ավելի են խնայող են դառնում, կարող են բարենպաստ լինել Ձեր բիզնեսի համար:

5. Սկսել մեկ համակարգչով չի նշանակում այդքանով սահմանափակվել: Որպես նոր զարգացող ոլորտ, Recommerce-ը աճի մեծ հնարավորություններ է տալիս: Ահա Վինտաբիլիայի չափազանց մոտիվացնող օրինակը՝

 

 

vintabilia-recommerce business

 

Լուսանկարը՝ Վինտաբիլիա

 

 

«Սկզբում մեր հաճախորդներն էին միայն 25-35տ. տեղացիները: Հետո շատ արագ տարիքային շեմն ընդլայնվեց, սկսեցին հետաքրքրվել օտարերկրացիները, սփյուռքահայերը, անգամ կառավարությունից մարդիկ:
Որոշ ժամանակ անց մեզ նկատեցին արտասահմանից՝ սկսեցին հրավիրել միջազգային էքսպոների, ցուցահանդեսների:
Սկսեցինք վաճառել դրսում:
Հիմա աշխատում ենք նաև բիզնեսների հետ՝ թիմերի համար կայուն ապրելակերպի մասին վարպետության դասեր ենք վարում:
Ապագայում նպատակ ունենք ընդլայնել արտադրությունն ու վերաօգտագործման ծավալները, ինչպես նաև Upcycling Hub ստեղծել, որտեղ մարդիկ կբերեն իրեր և մենք կօգնենք վերաձևավորման միջոցով դրանց երկրորդ կյանք տալ:
Բիզնեսը վաղուց արդեն շահութաբեր է»:

 

Այնպես որ, մի կողմ թողնելով բնությունն ու նման բաները, Recommerce-ով զբաղվելու բիզնես պատճառները պետք է որ բավարար լինեն հոդվածի շարունակությունը կարդալու համար:

 

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԻՆՉ ՎԱՃԱՌԵԼ

Եթե արդեն որոշեցիք զբաղվել Recommerce-ով, հաջորդ կարևոր որոշումը ապրանքի ընտրությունն է:


Ինչպես ցանկացած բիզնեսի դեպքում, ընտրությունը նախ և առաջ կախված կլինի պահանջարկից: Ի՞նչ են մարդիկ փնտրում, ի՞նչ չկա շուկայում, ի՞նչ հնարավորություններ են ազատ և, ոչ նվազ կարևոր, Ի՞նչն է Ձերը: Recommerce-ով զբաղվելու համար նվազագույնը պետք է ճշտությամբ գնահատել յուրաքանչյուր իրի վերաօգտագործման պոտենցիալը: Իսկ իրապես հաջողակ բրենդ ստեղծելու համար օգտագործված իրերի վաճառքով սահմանափակվել չեք կարող: Պետք է նաև կարողանաք նորոգել, ձևափոխել, վերանպատակաուղղել և յուրաքանչյուր իր դարձնել բացառիկ: Այնպես որ, ընտրեք իսկապես Ձերը:

 

Վերաօգտագործման ենթակա իրերի ցանկը գործնականում անվերջ է, կամ ինչպես Վինտաբիլիան է ասում՝

 

 «Մենք հավատում ենք, որ ոչինչ կորսված չէ, և ամեն ինչ կարող է տրանսֆորմացվել»:

 

 

recommerce-business example

 

Լուսանկարը՝ Վինտաբիլիա

 

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մանկական ամեն ինչ

 

Հագուստ, խաղալիքներ, մանկասայլակներ, անկողնային պարագաներ, մեքենայի նստելատեղեր… իրեր, որ նոր վիճակում բավականին թանկարժեք են և, քանի որ երեխաները մեծանալու հատկություն ունեն, օգտագործվում են առավելագույնը մեկ տարի: Հաշվի առնելով, որ բնավ ոչ բոլոր ընտանիքների համար է այս ամենը մատչելի՝ օգտագործված իրերը միանշանակ պահանջարկ կունենան:

 

 

Տեխնիկա

Թերևս յուրաքանչյուրիս տանը ինչ-որ անկյունում փոշի են հավաքում նվազագույնը մեկական արդուկ, փոշեկուլ և թեյնիկ, որոնք այնտեղ են հայտնվել որոշակի անսարքության կամ պարզապես հին լինելու պատճառով: Եվ ամենայն հավանականությամբ, դրանց մեծ մասն ընդամենը փոքրիկ նորոգման կարիք ունի՝ ևս մի քանի տարի ծառայելու համար: Իսկ եթե մի քայլ ավել անեք և դրանք նաև վերաձևավորեք (թեկուզ պարզապես ներկելով), կգրավեք ոչ միայն մատչելին, այլև հետաքրքիրը փնտրողներին:

 

 

Էլեկտրոնիկա

Նույն տրամաբանությամբ շատերս նոր հեռախոս կամ համակարգիչ ենք գնում ոչ թե որովհետև հինը շարքից դուրս է եկել, այլ որովհետև հնացել է, չունի որոշ ֆունկցիաներ կամ պարզապես արդեն նորն է դուրս եկել: Միաժամանակ, միշտ կգտնվեն մարդիկ, ում ընդամենը գործող սարք է պետք և ովքեր կգնեն թեկուզ դանդաղ աշխատողը, եթե այն տեղավորվում է բյուջեում:

 

 

Սովետական ամեն ինչ

Կահույք, գորգեր, սփռոցներ, պաստառներ… այն, ինչ մեկի համար անպետք հնություն է, մյուսի համար արժեքավոր գտածո կլինի: Այստեղ կարևոր է ոչ թե իրերի մատչելիությունը, այլ հազվագյուտությունը․ որքան դժվար գտնվող՝ այնքան թանկարժեք: Սկսեք պապիկ-տատիկի տանից։ Մեծ հավաքածու առաջարկելու դեպքում կհետաքրքրեք ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև, օրինակ, ռեստորաններին ու հյուրանոցներին, որոնք մշտապես հետաքրքիր դեկորի և սեղանի պարագաների փնտրտուքների մեջ են:

 

Եվս մեկը՝ Վինտաբիլիայից

 

«Հրաշալի կլիներ, եթե ունենայինք բրենդ, որը կզբաղվեր ֆիլմերի, գովազդների, երաժշտական հոլովակների ռեկվիզիտների վերաօգտագործմամբ: Հիմա ամեն նկարահանման համար զրոյից հագուստ, աքսեսուարներ և դեկոր է ստեղծվում, կամ գնվում են նոր իրեր, որոնք պրոցեսի ավարտից հետո արագ վերածվում են աղբի: Այս ամենը կարելի է համակարգել, ստեղծել ռեկվիզիտների խանութ և վիդեոարտադրությունը ավելի կայուն և պատասխանատու դարձնել»:

 

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԳՈՐԾԻ ԴՆԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ

Այս ուղեցույցը կարող էր մի ամբողջ հոդված լինել, կամ անգամ գիրք: Բայց, ահա հիմնական կետերը:

 

1. Ճանաչեք սպառողին: Recommerce-ի դեպքում գործ ունենք երեք տեսակի գնորդի հետ՝

• Զեղչի որսորդը, ով ընտրում է մատչելին,
• Բնապահպանը, ով ընտրում է էկոն,
• Կոլեկցիոները, ով ընտրում է ունիկալը:

 

Բնականաբար, սա բնավ սպառիչ ցանկ չէ: Բայց այս երեքից մեկն ընտրելով որպես հիմնական թիրախ՝ մի շարք հարցերի պատասխաններ կունենաք, քանի որ դրանից շատ բան է կախված լինելու՝ գնային քաղաքականությունից մինչև կոմունիկացիոն ռազմավարություն:


Այնպես որ, խոսեք պոտենցիալ սպառողների հետ, հասկացեք նրանց կարիքները և հաշվի առեք դրանք հետագա բոլոր քայլերում:

 

 

2. Ճանաչեք շուկան: Համարենք՝ բացում եք մանկական օգտագործված իրերի խանութ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե մրցակցային վերլուծության կարիք առհասարակ չկա, քանի որ պարզապես մրցակիցներ չկան: Բայց, անգամ եթե այսպիսի խանութ Հայաստանում չկա (ամեն դեպքում, մենք չգտանք), ահա մի քանի մրցակից, որոնց գոյությունը պետք է հաշվի առնել՝

 

• Բոլորիս սիրելի List.am-ը
• Մանկական նոր, բայց համեմատաբար մատչելի իրեր վաճառող խանութները
• Ծնողների ֆեյսբուքյան խմբերը, որտեղ հաճախ փոխանակվում են իրերով:

 

 

3. Գտեք ապրանքներ: Եթե «սովորական» բիզնեսի դեպքում կա մատակարարների հստակ շուկա, Recommerce-ի դեպքում ապրանքի յուրաքանչյուր հատը գտնելու եք ինքներդ: Սկզբի համար անցեք ընկերների, հարևանների, ծանոթ-անծանոթների տներով, հետազոտեք նկուղներն ու խորդանոցները և փնտրեք օնլայն (օրինակ eBay-ում):
Վինտաբիլիայի դեպքում՝

 

«Գնում էինք Գյումրի, մարդկանց տներում գտնում էինք սովետական, վինտաժային հագուստ ու ծածկոցներ և դրանք ձևափոխելով՝ մեր հավաքածուներն էինք ստեղծում»:

 

 

4. Ստեղծեք բրենդ: Նախ ընտրեք անուն և մշակեք լոգո: Անունը թողնում ենք Ձեր երևակայությանը, իսկ լոգոն կարող եք ստեղծել Ucraft-ի անվճար Logo Maker-ով՝ րոպեների ընթացքում:

 

 

5. Ստեղծեք օնլայն խանութ: Անկախ նրանից՝ կբացեք ֆիզիկական խանութ, թե կվաճառեք միայն օնլայն, eCommerce խանութն այս դարում անհրաժեշտություն է: Ucraft-ի շնորհիվ ոչ միայն կարող եք Ձեր օնլայն խանութը բացել ժամերի ընթացքում (անգամ եթե լրիվ սկսնակ եք), այլև հայերեն լեզվով աջակցություն ստանալ:

 

 

6. Գովազդե՛ք: Կրկին, սկսեք փոքրից: Պարզապես հասկացե՛ք, թե ինչ եք ուզում ասել և՝ ում: Սկսել կարող եք օնլայն գովազդից, իսկ այնուհետև փորձարկել գովազդի այլ տեսակներ:

 

 

Սկզբի համար, թերևս, այսքանը:

 

Իսկ վերջի համար, մենք երկու ձեռքով կողմ ենք երկրորդ ձեռքից առևտրին, որովհետև իրերին երկրորդ կյանք տալը հիանալի բիզնես հնարավորություն է և որովհետև երկրորդ մոլորակ չունենք:

Related posts

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample