Ինչպե՞ս ընտրել հայերեն տառատեսակներ Ձեր կայքի համար. խորհուրդներ Ucraft-ից

2024-04-23

Վեբ դիզայնով զբաղվող մարդիկ գիտեն, որ կայքի հաջողությունը սկսվում է նկարներից, տեքստերից ու այսպիսի այլ դետալներից։ Հավանաբար պատահել է, որ երկար փնտրեք ձեր դիզայնին համապատասխան հայերեն տառեր և դժվարանաք ընտրության հարցում։ Եկեք միասին տեսնենք՝ ինչ խնդիրներ ու զարգացումներ կան այս ոլորտում։

 

Տառատեսակների ընտրությունը, հատկապես հայերենում, դիզայնի քիչ զարգացած ու թերագնահատված կողմերից է։ Կայքի ցանկացած տեքստ, որն օգնում է ստեղծել ինչ-որ տրամադրություն, կարող է պատմել կայքի կամ բրենդի մասին, ազդել հաճախելիության վրա։ Դիզայնում տեքստերի ոճն իրականում օգնում է երկար մնալ կայքում, պարզեցնել ձեր գործողություններն և թողնել ավելի պրոֆեսիոնալ ու վստահելի տպավորություն։ Եկեք պատկերացնենք երկու տարբեր կայք, որոնք կունենան նույն ոճի ու գրվածքի տառատեսակներ։ Օրինակ՝ եթե հագուստի օնլայն խանութում և որևէ բուհի կամ նախարարության կայքում դրված լինեն նույն տառատեսակով գրված տեքստեր, ապա երկուսից մեկում հաստատ ոճային սխալներ կնկատենք։

Երևի դուք էլ սկսեցիք մտաբերել վերջերս տեսած կայքերը, գիրքը կամ գովազդը։ Դե իսկ մենք մի քիչ էլ փորձեցինք ուսումնասիրել ու սկսեցինք ամենասկզբից։


Փորձենք ձեզ էլ պատմել այդ մասին։

 

 

Ինչպե՞ս են ստեղծվում հայկական տառատեսակները

Երբ ասում էինք, որ սկսել ենք ամենասկզբից, չէինք կատակում։ Ուսումնասիրելով հայկական տառատեսակների հավաքածուների կայքերն ու այլ բաց աղբյուրներ՝ գտանք մեծ քանակությամբ հին ու նոր տառատեսակներ։ Ամեն դեպքում, դրանցից շատերը բազմաֆունկցիոնալ համարել հնարավոր չէ։

 

Իրականում, տառատեսակների ստեղծումը երկար ու ծավալուն աշխատանք է։ Հմուտ տառաստեղծները ստեղծում են ոչ միայն տառերի դիզայն՝ նոր չափերով ու ձևով, այլև մշակում են դրանք, ձևավորում հայերեն ու լատինական (երբեմն նաև այլ լեզուների) տառերը, այնուհետև՝ համապատասխանեցնում նշաններն ու թվերը։ Մեկ ուրիշ կարևոր փուլ է տառատեսակի կոդավորումը։

 

Հսկայական աշխատանք է, չէ՞։ Էսթետիկ ու ֆունկցիոնալ տառատեսակը պետք է ունենա նաև տարբեր գրվածքներ ու կցագրումներ (legature)։ Հիմա փորձենք մանրամասնել։ Գրվածքները տառատեսակի ընտանիքի տարբեր ձևերն են, օրինակ՝ բարակ, հաստ, թեք (thin, bold, italic) և այլն։ Նույն ընտանիքում կարող են լինել տառերի 20 և ավելի գրվածքներ։ Իսկ կցագրումները տառերի մասնիկների միացումներն են, որոնք գեղեցկացնում են տեքստն ու տալիս համաչափություն։ Կցագրումներ ու ծոցագրումներ կարելի է տեսնել նաև հայերեն տպագիր կամ ձեռագիր, ավանդական տառատեսակով գրքերում, օրինակ՝ մն,մխ, վյ, վն, վջ,ջյ և այլ հնչյունների մեջ։ Այս բոլոր մասնիկները խնամքով մշակվում են տառաստեղծի կողմից։

 

 

haykakan geghagrutyun

 

 

Մեր փոքրիկ զրույցի ընթացքում հայտնի տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանն ու իր թիմը ցույց տվեցին տառերի ստեղծման ընթացքը, տարբեր նրբություններ, որոնք մենք՝ դիզայներները, ընթերցողները, գրողները, օգտագործելիս միշտ չէ, որ կարող ենք պատկերացնել։

 

Դե իսկ ստեղծվելուց հետո տառատեսակը դրվում է բաց օգտագործման կամ վաճառքի։ Այստեղ կա մի խնդիր, որն, ըստ պրն․ Ղաբուզյանի, խանգարում է ոլորտի զարգացմանը․ հեղինակային իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են։

 

Կան նաև տառատեսակներ, որոնք դրվում են բաց օգտագործման կամ պետությունը, գնելով դրանք, նորից տրամադրում է ազատ օգտագործման։ Այսպիսի տառատեսակներ են պրն․ Ղաբուզյանի GHEA Grapalat և GHEA Mariam տառատեսակները, որոնք օգտագործվում են նաև պետական պաշտոնական փաստաթղթերի շրջանառությունում։
Տարածված են նաև տառաստեղծ Ռուբեն Թարումյանի ստեղծած մի շարք տառատեսակներ, օրինակ՝ ArTarumian ընտանիքի տառերը, կամ Arial, DejaVu, Verdana և այլ ընտանիքների հայերեն տարբերակները։ Վստահ ենք՝ Ձեզ էլ են հանդիպել այս տառատեսակները։

 

Հայաստանում այս ոլորտում նկատվում է տեղաշարժ, և ավելի ու ավելի շատ տառատեսակներ են ստեղծվում։ Սակայն ոչ բոլորն են հարմար կոդավորմամբ, և ոչ բոլորն են պրոֆեսիոնալ ձևավորմամբ։ Տառատեսակները և հայերենի ներկայացման ձևն աստիճանաբար ձևավորում է ճաշակ թե՛ դիզայներների և թե՛ ընթերցողների մոտ։ Համաձայնեք, որ բավականին պատասխանատու գործ է։ Ի դեպ, զրույցի ընթացքում պրն․ Ղաբուզյանը հաճախ նշում էր, որ հայերեն տառերն ու տառատեսակները մշակույթի կարևոր մաս են։ Այս մտքի հետ մենք չենք կարող չհամաձայնել։ Լեզուն, իր բոլոր դրսևորումներով, մեր մշակույթի ու ինքնության կարևոր մաս է։ Ու, որքան էլ զարմանալի է, բայց դիզայներների աշխատանքն այսօր այս առումով շատ կարևոր է ու նաև պատասխանատու։

 

 

Մի քանի խորհուրդ Ucraft-ից 

Մենք Ucraft-ում կարևորում ենք պրոֆեսիոնալ, որակյալ ու թրենդային դիզայնը։ Վեբ դիզայնը սկսվում է տառատեսակի ընտրությունից, ինչն էլ ձևավորում է տեքստերի դասավորումը, ստեղծում ընդհանուր տրամադրություն։ Այսպես ստեղծվում է հարմար ու էսթետիկ տեքստային քոնթենթ։ Կենտրոնանալով տեքստային ձևավորման վրա՝ կարող եք ապահովել կայքի այցելուների հարմար «տեղաշարժը» կայքում, իսկ նրանք, ովքեր գնահատում են մանրուքները, կզգան աշխատանքի պրոֆեսիոնալիզմը։

 

Կա մի քանի հիմնական սկզբունք, որոնց միանշանակ արժե հետևել, հատկապես եթե ստեղծում եք վեբ դիզայն հայերեն բովանդակությամբ։

 

Բերել ենք մի քանի խորհուրդ մեր դիզայներների կողմից։  

 

 

1. Սկսեք կայքի ձևավորումը տառատեսակից

Տարբեր բովանդակությամբ տեքստերը պետք է ներկայացնել տարբեր ձևերով, իսկ մեզ մոտ հաճախ կարող ենք տեսնել մի քանի հիմնական տառատեսակ, որոնք հանդիպում են գրեթե բոլոր վեբ կայքերում և նույնիսկ տպագիր թերթերում կամ գրքերում։ Ինչիպիսի՞ն եք պատեկարցնում ձեր կայքը․ ընկերական տոնով, ժամանցային, թե՞ խստության և լրջության զգացում ստեղծող։ Յուրաքանչյուր տառատեսակ փոխանցում է տրամադրություն, որն էլ պահում կամ, որոշ դեպքերում, վանում է կարդացողին։

 

Պատահե՞լ է, որ կարդաք որևէ հոդված, կայք կամ գիրք ու անհարմարություն զգաք։ Վստահ ենք՝ այո։ Պատճառը կարող եք միանգամից չզգալ, բայց սա հիմնականում դիզայնի խնդիր է՝ կապված տառերի, տեքստի ձևավորման ու դասավորության, գույների և այլ տարրերի հետ։

 

Կայքերում կարևոր է նաև որակյալ UX (User Experience) քոնթենթը։ Սա ներառում է մարքեթինգային հնարքներ՝ կայքի այցելուին տեղեկություն տրամադրելու, մոտիվացնելու և գործողությունները հասկանալու համար։



Տառերը կյանք են տալիս տեքստին և ազդում այցելուների ընկալումների ու որոշումների վրա։ Ձեր միտքը հնարավորինս լավ հասցնելու համար մի փոքր երկար ժամանակ տրամադրեք այս նրբությանն, ու հաջողությունն ապահովված է։

 

 

2. Պարզեցրեք դիզայնը

Մինիմալիզմն ու բրուտալ տառատեսակները այսօր հաճախ կարող եք նկատել թրենդային դիզայնում։ Տարբեր հնարքներ, ինչպես օրինակ՝ անիմացիան, 3D ձևավորումը, էֆֆեկտներն արդեն հարստացնում են դիզայնը: Այս տարվա միտումները հատկապես ավելի պարզ են տառերի ընտրության առումով։

 

Հայ դիզայներների որոշ աշխատանքներ երբեմն տարբեր մտքերի խառնուրդ են դառնում, բայց երբ հնարավոր չէ ամեն ինչ համատեղել, պետք է գտնել մեկ օպտիմալ տարբերակ։ Ցանկացած պարագայում, եթե նույնիսկ ընտրությունը բարդ է, ապա պարզությունը միշտ ճիշտ տարբերակ է։ Չմոռանաք, որ ձեր տեքստը պետք է տրամադրի կարդալուն և հեշտ փոխանցի միտքը։ Սրա համար կարևոր է նաև ուշադրություն դարձնել տեքստերի դասավորությանը, տառերի, բառերի և տողերի միջև հեռավորությանը։ Դատարկ տարածքի օպտիմալ օգտագործումը կօգնի ձեզ, քանի որ կուտակված տեքստը նույնքան դժվար է կարդալ, որքան մեծ տարածություն զբաղեցնող, իրարից հեռու գրված բառերը։

 

Մեկ այլ կարևոր գործոն է տեքստի դասավորությունը (alignment)։ Դասավորությունը պետք է մասնիկի միջև հավասար տարածություն, չափ և հեռավորություն ապահովելու համար։ Երբեմն կարող ենք փորձել լինել ստանդարտներից դուրս, ստեղծել ասիմետրիկ դիզայն, բայց այս դեպքում էլ ցանկալի է ծանոթանալ ոլորտի օրինաչափություններին՝ հակառակ արդյունք չստանալու համար։ Օրինակ՝ եթե ձեր տեքստը սկսվի ձախ կողմից, ընթերցողի համար ենթագիտակցորեն դժվար կլինի վերադառնալ մյուս տող և շարունակել կարդալ։

 

Ի դեպ, չմոռանաք նաև գույների օգտագործման մասին, որոնց հարցում էլ պետք է ուշադիր լինել։ Գույները, ավելի քան որևէ ուրիշ գործոն, կարող են ստեղծել տրամադրություն և որոշակի ձևով ազդել դիտողի վրա։

 

 

3. Օգտագործեք քիչ տառատեսակներ

Տառատեսակների ընտրության ժամանակ մենք նորից առաջարկում ենք լինել մինիմալիստ։ Սովորաբար նախընտրություն է տրվում երկու կամ երեք տառատեսակի, որոնցից մեկն օգտագործվում է վերնագրերի կամ մեծ տեքստերի համար, երկրորդը՝ հասարակ, մեծ պարբերությունների համար, իսկ երրորդը՝ հատուկ մեսիջ ունեցող տողերի կամ մտքերի համար։



Ընտրելիս մի պահ փորձեք հիշել ձեզ հասանելի բազմազանությունը։ Նախ, ընտրությունը կարող է կանգնել տառատեսակների մեկ ընտանիքի վրա, որի տարբեր գրվածքներ կարող եք օգտագործել որպես առանձին տեսակ։ Օրինակ՝ եթե ընտրեք Lato ընտանիքը, ապա կարող եք վերնագրերի համար ընտրել դրա մեկ, իսկ տեքստերի համար՝ այլ գրվածք։



Տառերը կարող եք առանձնացնել նաև ըստ նկարվածքի` ծայրատներով (Serif) և առանց ծայրատների (Sans-serif): Ծայրատները տառերի փոքրիկ մասնիկներն են։ Կան նաև ավանդական, դեկորատիվ, ձեռագիր և այլ տեսակեր։ Այս դեպքում կարող եք ընտրել նորից երկու տառատեսակ, որոնք նման կլինեն, բայց տարբեր նկարվածքով։

 

 

taratesakneri-parz-design

 

 

Այստեղ ձեզ կարող է օգնել տառերի հիերարխիան, որը ևս կկողմնորոշի ընթերցողին ու կօգնի կայքի դիզայնի հարցում։ Բոլոր դեպքերում մենք փորձում ենք կարևոր նախադասություններն առանձնացնել, որպեսզի դրանք ավելի մեծ ուշադրություն գրավեն և օգնեն կարդացողին կողմնորոշվել։ Տեքստի հիերարխիան օգնում է հեշտացնել տեքստի ընկալումն ու հեշտ գտնել հետաքրքրող հատվածը կայքում՝ առանձնացնելով կարևորն ու ուղղորդելով այցելուին։ Ճիշտ հիերարխիա կարող եք ստանալ՝ ընտրել տարբեր տառատեսակներ, տառատեսակների ոճեր և չափեր։



Յուրաքանչյուր գրառում բլոգում սովորաբար ունենում է հստակ դասավորություն։ Օրինակ՝ հոդվածը սկսվում է վերնագրով, որը կոչում ենք H1 (Header 1), հետո գալիս են ենթավերնագրերը (H2, H3)՝ ըստ կարևորության առանձնացնելով տեքստը բաժինների։ Եվ ամենափոքր ու պարզ տառերով գրվում է հիմնական տեքստը (Body text), որը պետք է լինի մատչելի ու չհոգնեցնող։

 

 

Աղբյուրնե՞ր․ մենք կհուշենք 

Գուգլելու դեպքում հաստատ կգտնեք շատ աղբյուրներ, որտեղից հնարավոր է ներբեռնել հայկական տառատեսակներ։ Մենք մտածեցինք, որ դիզայնում նոր լուծումները կարևոր են և որոշեցինք նշել մի քանի աղբյուր հետաքրքիր տառատեսակների համար ու նաև մի քանի դիզայներների աշխատանքներ, ովքեր հայերենը յուրօրինակ ձևով են փորձում ներկայացնել։

 

Այսպես, մենք չենք կարող չնշել «դասականներին»․ լի՜քը տարբեր տառատեսակներ կարող եք գտնել gheafonts.com կայքում, որտեղ ներկայացված են Էդիկ Ղաբուզյանի ու թիմի աշխատանքները, և tarumian.am կայքում, որտեղ կգտնեք Ռուբեն Թարումյանի աշխատանքները (բաց օգտագործման և վաճառքի համար)։ Նրանց ու այլ հայ տառաստեղծների աշխատանքներ կարող եք գտնել նաև հայտնի մասնագիտացված կայքերում։



Վերջերս ստեղծվել է նոր կայք, որտեղ հավաքվում են հայկական յունիկոդ տառատեսակներ տարբեր հեղինակների կողմից։ Fonter.am կայքում տարբեր աղբյուրներից հավաքված տառաշարերի տարբեր ժամանակների մշակումներ կան, որոնք կարող եք ներբեռնել և օգտագործել՝ համաձայնեցնելով հեղինակի հետ։



Մի քանի հետաքրքիր տառատեսակներ են ստեղծվել Braind բրենդինգի գործակալության և Renderforest Armenia-ի դիզայներների կողմից, որոնք կարող եք ներբեռնել անվճար։ Չենք կարող չնշել Braind-ի Բժշկի ձեռագիր տառատեսակը, որը բոլորիս հանդիպել է ու այնքան ծանոթ է։

 

Հաստատ սոցցանցերում հանդիպել եք պոստերների՝ հայատառ տեքստերով։ Հայերենը սիրուն է ու այն սիրուն ներկայացնելը կարևոր է։ Սա տառատեսակների մասին չէ, բայց դե անտարբեր չես անցնի։


Դիզայներ Գայանե Երկանյանի գործերից՝

 

 

gayaneyerkanyan-taratesakner

 

 

Կալիգրաֆիան՝ գեղագրությունը, Հայաստանում վերջին տարիներին հայտնի է դարձել նաև Ռուբեն Մալայանի շնորհիվ։ Նրա պոստերները, դիզայնը, տառերը խոսում են ոչ միայն մշակույթի, պատմության այլ նաև այսօրվա այն խնդիրների մասին, որոնք պետք է բարձրաձայնել։

 

rubenmalayan-taratesakner

 

 

Սա նաև շնորհակալական գրառում է այս բոլոր ստեղծագործ մարդկանց՝ իրենց աշխատանքի ու նվիրումի համար։ 


Դե ինչ, հուսով ենք օգնեցինք ու մի փոքր ոգեշնչեցինք՝ ընտրելու հայկական տառատեսակներ ձեր յուրօրինակ դիզայնի համար։


Գուցե հենց Ձեր կայքը կհայտնվի մեր մյուս հոդվածներում, որպես Ucraft-ով ստեղծված աչքի ընկնող կայքերից մեկը։

Related posts

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample