Ինչպես հիմնել բիզնես ԱՄՆ-ում

2024-07-03

Շատերին է հայտնի, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենաեկամտաբեր շուկաներից մեկն է: Երկրի իրավական համակարգը թափանցիկ է, ենթակառուցվածքները՝ զարգացած, և այն ունի հազարավոր սպառողներ, որոնք պատրաստ են գնել այն ամենը, ինչ ուզում եք վաճառել։ Նույնիսկ COVID-19-ից հետո, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն դեռևս արագ աճում է։ Եթե ցանկանում եք բիզնես սկսել կամ հիմնել օնլայն խանութ, ԱՄՆ-ի շուկան պետք է լինի ձեր ուշադրության կենտրոնում: Սա անհամեմատ հասանելի և շահութաբեր տարբերակ է։ 

 

Եթե անգամ ռեզիդենտ չեք, հնարավորություն ունեք գրանցելու բիզնեսի որոշ տեսակներ, և ձեր գործունեությունը կօգտվի տարբեր նահանգներում գործող արտոնություններից և հարկային օրենքներից։

 

Այնուամենայնիվ, որոշ աշխատանք կա կատարելու, եթե ցանկանում եք խուսափել իրավական խնդիրներից։ Ձեր բիզնեսի պետական գրանցումը, ընկերության ճիշտ տեսակի որոշումը և տեղանքի ճիշտ ընտրությունը կարևոր քայլեր են ԱՄՆ-ում ֆինանսական հաջողության համար։

 

 

Ինչու՞ գրանցել ընկերություն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում կարող եք ունենալ բիզնես, սակայն ձեր բիզնեսը գրանցելը պարտադիր չէ։ Այնուամենայնիվ, գրանցված բիզնեսն ունենում է որոշակի առավելություններ: Գրանցումը կարող է օգնել նվազեցնել ձեր հարկերը և իրավունք տալ այլ նվազեցումների, պարզաբանել հաշվետվական պահանջները և (ամենակարևորը) որոշել, թե ով է պատասխանատու ձեր բիզնեսի համար։

 

ԱՄՆ-ում կան բիզնեսի գրանցված (incorporated) և չգրանցված (unincorporated) տեսակներ, իսկ թե որ տեսակն ընտրել, հիմնականում կախված է ձեր բիզնեսի գործունեությունից, ծավալից և նպատակներից։

 

 

Ի՞նչ է գրանցված բիզնեսը

Գրանցված բիզնեսները այն ընկերություններն են, որտեղ բիզնեսի իրավական պահանջները դրված չեն նրանց սեփականատերերի վրա: ԱՄՆ-ում ընկերությունները բախվում են բազմաթիվ դատական գործերի, ուստի գրանցումը կարող է զերծ պահել ձեզ շատ գլխացավանքներից, երբ ձեր բիզնեսն աճում է: Գրանցումը նաև լավ է ձեր բիզնեսի պարտքի կամ իրավական կարգավիճակի պատասխանատվությունից խուսափելու համար: Գրանցված ընկերություններն ունեն նաև հարկային արտոնություններ, ինչը նշանակում է, որ նրանք սովորաբար ավելի քիչ հարկեր կվճարեն, քան չգրանցված բիզնեսը։

 

Գրանցման բացասական կողմը վերաբերում է վարչական ծանրաբեռնվածությանը: Դուք պետք է հիշեք տարեկան հարկեր վճարել (դա քիչ գործ չէ) և հետևել պահանջներին, օրինակ՝ ունենալ ֆիզիկական հասցե երկրում: Եթե ունեք ամերիկյան հասցե, այդ դեպքում պետք է իմանաք տեղական և նահանգային բիզնեսի օրենքները և, իհարկե, տիրապետեք հարկային համակարգին։



Ինչպե՞ս ընտրել բիզնեսի տեսակը

Այսպիսով՝ որոշում եք կայացրել ԱՄՆ-ում բիզնես հիմնել։ Այդ դեպքում բիզնեսի տեսակի ընտրությունը կախված կլինի ձեր գործունեության բնույթից և շրջանակից: ԱՄՆ-ում բիզնեսի տեսակները կարող են լինել հետևյալները՝

 

1. Անհատ ձեռնարկատիրություն (Sole Proprietorship)

2. Ընդհանուր գործընկերություն (General Partnership)  

3. Սահմանափակ գործընկերություն (Limited Partnership)

4. Սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերություն (Limited Liability Partnership)

5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Limited Liability Company)

6. Կորպորացիաներ (Corporations)

 

Եկեք ստորև ուսումնասիրենք յուրաքանչյուր տեսակի առավելություններն ու թերությունները, որպեսզի ընտրեք այն տեսակը, որը ձեր բիզնեսի կարիքներին ամենահամապատասխանն է։

 

 

Բիզնեսի տեսակՆկարագիրՈւմ է համապատասխանում
Անհատ ձեռնարկատիրություն (Sole Proprietorship)
  • Չկա սահմանազատում ընկերության և սեփականատիրոջ միջև

  • Սեփականատերը հարկվում է եկամտային հարկով

  • Ստեղծման և գործունեության ցածր ծախսեր

Հարմար է այն ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են արագ սկսել բիզնեսը և ունեն փոքրածավալ գործունեություն
Ընդհանուր գործընկերություն (General Partnership)
  • Նման է անհատ ձեռնարկատիրությանը, բացի այն բանից, որ ունի համատեղ սեփականատերեր

  • Երկու գործընկերներն էլ հարկվում են եկամտահարկով

  • Ստեղծման և գործարկման ցածր ծախսեր

Հարմար տարբերակ է գործընկեր ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են արագ սկսել բիզնեսը և ունեն փոքրածավալ գործունեություն:
Սահմանափակ գործընկերություն (Limited Partnership)
  • Նմանատիպ է ընդհանուր գործընկերությանը, բայց մեկ սեփականատերն է կրում միակ պատասխանատվությունը

  • Գլխավոր գործընկերն է վերահսկում ձեռնարկությունը, վճարում եկամտահարկը

  • Ստեղծման և գործարկման ցածր ծախսեր

Հարմար է փոքրածավալ սկսնակ ձեռնարկությունների համար, ովքեր ցանկանում են արագ սկսել բիզնեսը և հիմնականում հենվում են ներդրումների վրա:
Սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերություն (Limited Liability Partnership)
  • Գործընկերները համատեղ սեփականատերեր են, միասին են գործարկում բիզնեսը

  • Պարտավորությունները կապված են ակտիվ գործընկերների սկզբնական ներդրումների հետ

  • Զգալիորեն ազդեցություն են կրում տեղական կանոնակարգերից

Հարմար է այն համահիմնադրված ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են ունենալ որոշակի դատական և ֆինանսական պաշտպանություն։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Limited Liability Company)
  • Սեփականատերերն ու բիզնեսը իրավաբանորեն տարանջատված են

  • Անձնական ակտիվները պաշտպանված են բիզնեսի պարտավորություններից

  • Հնարավոր են բազմաթիվ հարկային արտոնություններ

  • Ավելի հեշտ է գրանցել ՍՊԸ, քան լիարժեք կորպորացիա

Հարմար է այն ձեռնարկատերերին, ովքեր ցանկանում են ապագայում ստանալ իրավական պաշտպանություն կամ ընդլայնել գործունեությունը
C-Կորպորացիա (C Corporation)
  • Ներգրավված են բազմաթիվ ներդրողներ, բաժնետերեր

  • Սեփականությունը իրավաբանորեն տարբեր է բիզնես ակտիվներից

  • Շատ պահանջներ, ներառյալ տնօրենների խորհուրդը

  • Պետք է անցկացվեն տնօրենների խորհրդի տարեկան հանդիպումներ

Հարմար է այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստ են ընդլայնվելու, ստանալու հարկային արտոնություններ, ունեն բազմաթիվ ներդրողներ կամ բաժնետերեր։

 

 

 

Ո՞րն է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և C-կորպորացիայի տարբերությունը

Իրականում չկա «ճիշտ» պատասխան, թե բիզնեսի որ տեսակն է պետք ընտրել ԱՄՆ-ում օնլայն վաճառքի բիզնես սկսելու համար։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր առավելություններն ու թերությունները, ուստի կարևոր է նախապես գնահատել և հավասարակշռել ձեր ընկերության կարիքները՝ կազմակերպության տեսակը որոշելուց առաջ։ Այդուհանդերձ, էլեկտրոնային առևտրի բիզնեսի համար ամենատարածված երկու ձևերն են ՍՊԸ-ները (LLC) և C-կորպորացիաները (C Corporation)։

 

ՍՊԸ-ի հիմնումն ավելի հեշտ է, քան C-կորպորացիայինը, քանի որ ձեզ միայն անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության կանոնադրությունը և ստեղծել գործառնական պայմանագիր: Ինչ վերաբերում է հարկերին, ՍՊԸ-ի սեփականատերերը կարող են որոշել, թե արդյոք նրանք ցանկանում են հարկվել որպես՝ անվանենք դա «միջանցիկ» կազմակերպություն” (flow-through entity), ինչը թույլ է տալիս հարկերը հաշվարկել իրենց անձնական հարկային հայտարարագրով, կամ որպես C-կորպորացիա, որը ենթադրում է կորպորատիվ հարկեր։ Սեփականության ձևը ճկուն է՝ թույլ տալով թե՛ միայնակ, թե՛ բազմաբաժնետիրական սեփականություն և ներդրումների, պարտավորությունների և այլնի բաժանում։ Վերջապես, ՍՊԸ-ներից չի պահանջվում բաժնետերերի կամ տնօրենների խորհրդի կանոնավոր հանդիպումներ անցկացնել։

C-կորպորացիաների համեմատ, ՍՊԸ-ների թույլ կողմը կապիտալի հավաքագրման բարդությունն է։ ՍՊԸ-ները հաճախ պահանջում են բարդ մասնավոր պայմանավորվածություններ ընկերության և ներդրողների միջև, ինչը C-կորպորացիաները կարող են պարզ ձևով կազմակերպել՝ ընկերության բաժնետոմսեր վաճառելով։ Եթե ձեր բիզնեսն արդեն հաստատված է և ցանկանում եք զարգացնել այն նաև օնլայն, ապա C-կորպորացիան կարող է առավելություն ունենալ ՍՊԸ-ի նկատմամբ։ Այս դեպքում պետք է նկատի ունենալ, որ գործընթացը ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն, փաստաթղթային աշխատանք և հարկային պահանջներ։

 

C-կորպորացիան պահանջում է ոչ միայն կանոնակարգ, այլև հետագա քայլերի երկար ցանկ։ Անհրաժեշտ է ընդունել կորպորատիվ կանոնակարգեր, թողարկել բաժնետոմսեր, անցկացնել բաժնետերերի հանդիպումներ, ընտրել տնօրենների խորհուրդ, ներկայացնել IRS 83(b) ձևաթուղթ, և այս վարչական աշխատանքները շարունակվում են նույնիսկ կազմավորումից հետո։ C-կորպորացիաները կարող են ենթարկվել կրկնակի հարկման, երբ բիզնեսը վճարում է զուտ եկամտի հարկ, իսկ բաժնետերերը վճարում են եկամտահարկ իրենց շահաբաժիններից։ Սակայն այս տեսակն ունի նաև իր առավելությունները։ Սեփականությունը հիմնված է բաժնետոմսերի վրա, ինչը հեշտացնում է վենչուրային կապիտալի հավաքագրումը, թեև բաժնետերերի հանդիպումները օրինական պահանջ են։

 

Ընդհանրապես C-կորպորացիաներն ունեն շատ ավելի բարձր կապիտալի գեներացման պոտենցիալ, քան ՍՊԸ-ները, բայց ձեզ անհրաժեշտ կլինի մասնագետների թիմ՝ վարչական և իրավական աշխատանքները կատարելու համար։ Եթե ձեր բիզնեսը փոքրամասշտաբ է և ցանկանում եք ընկերություն հիմնել ԱՄՆ-ում, ապա ՍՊԸ-ն հավանաբար ավելի պարզ և անվտանգ մոտեցում է։

 

ԱՄՆ ո՞ր նահանգում է ավելի նպատակահարմար բիզնես հիմնել 

Միացյալ Նահանգներում կա 50 նահանգ, և յուրաքանչյուրը ունի բիզնեսների կառավարման յուրահատուկ մոտեցում: Բիզնես հիմնելիս դուք կարող եք ընտրել այն նահանգը, որը ամենահամապատասխանն է ձեր բիզնեսին: Դելավերը հայտնի է որպես բիզնեսների համար հարկային առավելություն ընձեռող նահանգ, քանի որ չի պահանջում կորպորատիվ հարկ, եթե գրանցված կորպորացիան չի գործում նահանգի ներսում:

Այնուամենայնիվ, կան նաև այլ նահանգներ, որոնք արժանի են ուշադրության, ինչպիսիք են՝ Ֆլորիդան (բարենպաստ հարկային օրենքներ), Վայոմինգը (եկամտահարկի բացակայություն), Կալիֆոռնիան (տնտեսության մեծ մասշտաբ և աշխատուժի հասանելիություն), Նևադան, Մերիլենդը և այլն։ 



ՍՊԸ գրանցման տուրքեր և հարկեր

 

Կալիֆոռնիա

Կալիֆոռնիան ունի հսկայական տնտեսություն։ Եթե նահանգը լիներ երկիր, այն կունենար աշխարհում հինգերորդ ամենամեծ ՀՆԱ-ն՝ Գերմանիայից անմիջապես հետո և Հնդկաստանից առաջ։ Եթե ցանկանում եք Կալիֆոռնիայում բիզնես գործունեություն ծավալել, գրանցվելը ձեզ թույլ է տալիս մուտք գործել այս տնտեսություն, սակայն նահանգը հայտնի է նաև բարձր բիզնես հարկերով, բազմաթիվ վճարներով և փաստաթղթային աշխատանքով։ Այս օրենքները փոխվում են որոշակի հաճախականությամբ, այնպես որ նախքան փաստաթղթերը ներկայացնելը ստուգեք Կալիֆոռնիայի ՍՊԸ և կորպորացիաների նորմատիվ կարգավորումները:

 

Կալիֆոռնիայի ՍՊԸ-ները պետք է վճարեն տարեկան 800 դոլար ֆրանշիզային հարկ մինչև 2024 թվականը, թեև այս գումարից առաջին տարին ազատվում են: ՍՊԸ-ները պետք է նաև վճարեն քաղաքային կամ շրջանային հարկեր, գործատուի հարկեր և ոլորտին վերաբերող հարկեր: Նրանք պետք է վճարեն նաև 900-11,790 դոլար եկամտահարկ՝ կախված ընկերության եկամուտների չափից, սկսած նվազագույնը 250,000 դոլարից: Կալիֆոռնիայում ՍՊԸ-ները հարկվում են որպես «միջանցիկ» կազմակերպություններ (“pass-through” entities), ինչը նշանակում է, որ ՍՊԸ-ն չի վճարում կորպորատիվ եկամտահարկ, սակայն եկամուտը փոխանցվում է ՍՊԸ-ի անդամներին՝ վճարելու անձնական եկամտահարկ։

 

Կալիֆոռնիայի C-կորպորացիաները վճարում են տարեկան 8.84% հարկադրույք և առնվազն 800 դոլար տարեկան ֆրանշիզային հարկ, թեև ֆրանշիզային հարկից առաջին տարում ազատվում են։ ՍՊԸ-ները Կալիֆոռնիայում կարող են հարկվել նաև որպես C-կորպորացիաներ։

 

Այստեղ ձեր ընկերության անվան որոնումը անվճար է։ ՍՊԸ-ների գրանցման վճարները ներառում են 70 դոլար վճար՝ կազմակերպչական փաստաթղթերի հայտի համար, և 20 դոլար վճար՝ Կալիֆոռնիայի նահանգի քարտուղարին տեղեկատվության հայտ (Ձև LLC-12) ներկայացնելու համար: Կան լրացուցիչ վճարներ՝ կախված համայնքից: Չմոռանանք նաև նշել, որ Կալիֆոռնիայում կիրառվում է 7.25% վաճառքի հարկ (sales tax)։

 

 

Դելավեր

ԱՄՆ-ում Դելավերը հայտնի վայր է նոր բիզնեսների համար, քանի որ այն համարվում է այսպես կոչված՝ հարկային հանգրվան բարձր գաղտնիությամբ: Բիզնեսները պարտավոր չեն բացահայտել իրենց գործադիր անձնակազմի անունները (թեև պետք է նշեն կորպորացիայի կամ գործակալի անունը): Բուն Դելավերում չգործող ընկերությունները կարող են խուսափել կորպորատիվ եկամտահարկից և վճարել ավելի ցածր ֆրանշիզային հարկ, իսկ նահանգն ինքնին ունի բիզնեսի համար բարենպաստ տոկոսադրույքների գանձման օրենքներ: Նահանգում նաև չկա վաճառքի հարկ, ինչը գրավիչ է դարձնում այն նաև սպառողների համար:

 

Դելավերի ՍՊԸ-ները, սահմանափակ և ընդհանուր գործընկերությունները վճարում են 300 դոլար տարեկան ֆրանշիզային հարկ, բայց տարեկան հաշվետվություն ներկայացնելու պահանջ այստեղ չկա: Նախորդ տարվա հարկերը պետք է վճարվեն մինչև հունիսի 1-ը, իսկ չվճարելու դեպքում կգանձվի 200 դոլար տուգանք և 1.5% տոկոսադրույք ամսական՝ կիրառվելով թե՛ հարկերի, թե՛ տուգանքի նկատմամբ:

 

Կորպորացիաների համար կիրառվում են նույն տուգանքներն ու հարկային ժամանակացույցը, սակայն նրանք վճարում են նվազագույնը 175 դոլար ֆրանշիզային հարկ: Լրացուցիչ հարկերը կարող են տատանվել 400-ից մինչև 250,000 դոլար՝ կախված որոշակի նահանգային չափորոշիչներից: Կորպորացիաները պետք է ներկայացնեն տարեկան հաշվետվություն՝ 25-50 դոլար վճարով՝ ներքին ընկերությունների համար, և 125 դոլար՝ արտասահմանյան ընկերությունների համար:

 

Դելավերում գրանցման տուրքերը տարբեր են, սակայն ընդհանուր առմամբ տատանվում են 50-200 դոլար միջակայքում, որոշ բացառություններով՝ առավելագույնը 2600 և նվազագույնը 5 դոլար: Նահանգը առաջարկում է վճարների ժամանակացույց, որը պետք է ձեռքի տակ ունենաք գործընթացին ծանոթանալիս: Դելավերում գրանցման մեկ այլ առավելություն է կազմակերպության անունների ամրագրման նրանց համապարփակ գործիքը, որը առցանց է և հասանելի բոլորի համար: Պարտադիր ստուգեք, թե որ անվանումներն են հասանելի ձեր ընկերությունը հիմնելիս։

 

 

Ֆլորիդա

Ֆլորիդան մեկ այլ նահանգ է, որն ունի հարկային բարենպաստ օրենքներ, ինչը նշանակում է, որ այստեղ գործող բիզնեսների մեծամասնությունը ազատված է եկամտահարկից: Փոխարենը, ընկերությունների սեփականատերերն ու գործընկերները վճարում են եկամտահարկ իրենց ստացված շահույթից: Կորպորացիաները, սակայն, շարունակում են վճարել կորպորատիվ հարկերի դրույքաչափերը:

 

Ֆլորիդայի ՍՊԸ-ները համարվում են «միջանցիկ» կազմակերպություններ և չեն վճարում նահանգային եկամտահարկ, եթե գրանցված են որպես գործընկերություն կամ չհաշվառված կազմակերպություն: Եթե գրանցված են որպես կորպորացիա (հազվադեպ Ֆլորիդայում), ապա ենթակա են 3.3-5.5% եկամտահարկի:

 

Ֆլորիդայի կորպորացիաները, այնուամենայնիվ, վճարում են ավելի ցածր եկամտահարկ, քան մյուս նահանգների մեծամասնությունը: Ստանդարտ տոկոսադրույքը 5.5% է, սակայն հաճախ կան բացառություններ՝ այն նվազեցնելու մինչև 3.3%: Առաջին 50,000 դոլար եկամուտը ազատված է այս հարկադրույքից:

 

ՍՊԸ-ների գրանցման վճարները նահանգում տարբեր են. տարեկան հաշվետվության գրանցման վճարները տատանվում են 139-539 դոլար միջակայքում, ՍՊԸ-ի գրանցումը սկսվում է 100 դոլարից, և հաճախ պահանջվում են մի շարք այլ վճարներ: Ֆլորիդայի կորպորացիաների գրանցման, տարեկան հաշվետվությունների և լրացուցիչ ծառայությունների համար առանձին վճարներ են նախատեսված։ Ֆլորիդայի կազմակերպության անվան որոնման գործիքը հանրությանը հասանելի է անվճար օգտագործման համար։

 

 

Նևադա

Նևադան աջակցում է նոր բիզնեսներին նահանգային կառավարության միջոցով, սակայն դա ամենը չէ: Այստեղ բիզնեսի գրանցումն անհարկի թանկ չէ, և նահանգն ապահովում է որոշակի գաղտնիություն ՍՊԸ-ների համար՝ պաշտոնապես չպահանջելով տեղեկատվություն տրամադրել IRS-ին: Եթե անանունությունը ձեր նպատակն է, ապա Նևադան պետք է ձեր ցանկի սկզբում լինի:

Նևադայում ՍՊԸ-ի և այլ տեսակների հայտերն առցանց հասանելի են և ներկայացված են տարբեր ձևաչափերով՝ կախված ձեր ընկերության կարիքներից: Անհատական եկամտահարկի կամ կորպորատիվ եկամտահարկի փոխարեն Նևադան կիրառում է ամբողջական հասույթի հարկ (անցումային հարկ), որն ավելի բարենպաստ է բարձր շահույթի տոկոսով բիզնեսների կամ ուղղահայաց ինտեգրացիա ունեցող կազմակերպությունների համար: Նահանգը կիրառում է 6.85% վաճառքի հարկ ամբողջ նահանգում և նվազագույնը 1.53% տեղական վաճառքի համար՝ միջինում կազմելով 8.23%:

 

Նևադայում ՍՊԸ-ների գրանցման վճարները սովորաբար մոտ 425 դոլար են: Այս գումարը ներառում է կազմակերպման կանոնակարգերը, կառավարիչների սկզբնական ցուցակը և նահանգային բիզնես վկայականի վճարները: Բիզնեսի կանոնակարգերի մշակման 75 դոլար վճարը, որը ներառված է 425 դոլարի մեջ, կարող է արագացվել 25-ից մինչև 1,000 դոլար գումարով՝ սպասման ժամանակը կրճատելու համար 24 ժամից մինչև 1 ժամ համապատասխանաբար: Նևադայում գրանցված գործակալի ծախսը անվճար է, եթե գործակալը ընկերության աշխատակիցը կամ սեփականատերը չէ, իսկ անվան ամրագրումը կատարվում է 25 դոլար վճարով, թեև հասանելի անվան որոնումը անվճար է։

 

 

Մերիլենդ 

Մերիլենդում ձեռնարկատիրությունը և նորարարությունը խրախուսվում են, սակայն այս ցուցակում նահանգը մյուսներից տարբերվում է նրանով, որ ՍՊԸ-ները կարող են օգտվել նույն պաշտպանությունից, ինչ կորպորացիաները։ Սա նշանակում է, որ ՍՊԸ-ները ստիպված չեն լրացուցիչ պատասխանատվություն ստանձնել՝ զգալի հարկային նվազեցումների և արտոնությունների համար: Հենց միայն այս փաստը դարձնում է Մերիլենդը հարմար վայր, եթե ցանկանում եք նախքան կորպորացիա դառնալը երկար ժամանակ գործել որպես փոքր բիզնես։

 

ՍՊԸ-ները և կորպորացիաները Մերիլենդում ունեն հարմար պորտալ՝ որպես միջանցիկ կազմակերպություններ գրանցվելու և հարկային հայտարարագրեր ներկայացնելու համար, ինչպես նաև գործում է կազմակերպությունների անունների որոնման անվճար գործիք: Արտադրողների համար գոյություն չունեն հարկեր համախառն հասույթից, ինչպես նաև կորպորատիվ ֆրանշիզային հարկեր, միասնական շահութահարկ, արտասահմանյան շահաբաժինների եկամտահարկ կամ ոչ նյութական գույքի հարկ։ Շատ ձեռնտու պայմաններ առցանց բիզնեսների համար։

 

ՍՊԸ-ի անդամները պատասխանատու են միայն իրենց անձնական եկամտահարկի հայտարարագրերի համար և վճարում են պրոգրեսիվ վճարների համակարգով, որն ունի առավելագույն դրույքաչափ 5.75% 300,000 ԱՄՆ դոլարից կամ 250,000 ԱՄՆ դոլարից ավելի եկամտի վրա՝ առանձին հայտատուների համար։ Կորպորացիաները Մերիլենդում եկամտահարկ են վճարում՝ զուտ եկամտի 8,25 տոկոսի չափով։

 

ՍՊԸ գրանցելու համար այստեղ պահանջվում են 50-100 ԱՄՆ դոլար վճար, բայց ընդհանուր առմամբ նոր ձեռնարկատիրոջ համար կազմակերպման և գրանցման գործընթացը կարժենա մոտ $200։ Կորպորացիա ստեղծելու գինը տարբեր է նահանգում, բայց այն սկսվում է 100 ԱՄՆ դոլարից, ապա գանձվում են լրացուցիչ վճարներ՝ համաձայն Մերիլենդի վճարների ժամանակացույցի։

 

 

Վայոմինգ

Վայոմինգում շատ առավելություններ կան նոր ընկերությունների համար, մասնավորապես՝ նահանգում չկա եկամտահարկ: ՍՊԸ կամ կորպորացիա գրանցելն ըստ էության էժան է համեմատած այլ նահանգների, և հաշվետվությունների վճարներն էլ ցածր են: Նահանգը նաև հարմար է այն ընկերությունների համար, ովքեր ցանկանում են պահպանել գաղտնիության որոշակի մակարդակ, քանի որ Վայոմինգը կիրառում է գաղտնիության մասին օրենքներ, որոնք պաշտպանում են բիզնեսը անհատ սեփականատերերի դեմ դատական ​​հայցերից:

 

Վայոմինգի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները միջանցիկ են համարվում, ընկերության անդամները պարտավոր են միայն վճարել ինքնազբաղվածության 15.3 տոկոս հարկ: Չկա անձնական կամ կորպորատիվ եկամտահարկ, համախառն մուտքերի հարկ, ֆրանշիզային հարկ կամ ակցիզային հարկ: Կորպորացիաների նկատմամբ Վայոմինգում կիրառվում են նույն հարկային օրենքները, սակայն նրանք պետք է վճարեն 21 տոկոսի չափով դաշնային եկամտահարկ: Վայոմինգում գանձվում է 2-4 տոկոս վաճառքի հարկ:

 

Վայոմինգում ՍՊԸ գրանցելու վճարները տատանվում են 60-350 ԱՄՆ դոլարի միջև, բայց նորաստեղծ ընկերությունների մեծ մասը, հավանաբար, մոտ 250 ԱՄՆ դոլար կվճարի կազմակերպման և հավաստագրման համար: Կորպորացիաները կվճարեն նույն գումարը, թեև կարող են պահանջվել լրացուցիչ որոշ վճարներ: Նահանգում ապրանքանիշի գրանցումը սկսվում է 100 ԱՄՆ դոլարից, իսկ վերագրանցումը՝ 50 ԱՄՆ դոլար, թեև եզակի անվանում գտնելն անվճար է։ Բոլոր գործողությունների համար կարող են կիրառվել լրացուցիչ վճարներ, և խորհուրդ է տրվում ձեռքի տակ ունենալ Վայոմինգի պետական վճարների ժամանակացույցը։



 

Ինչպես անվանել ձեր բիզնեսը

Ձեր ընկերության անունը, հավանաբար, առաջին բանը կլինի, որ նոր հաճախորդը կտեսնի: Լավ ընկերության անունը պետք է արտացոլի այն, ինչ դուք ներկայացնում եք՝ ձեր ինքնությունը, նպատակները, առաքելությունը և հայացքները: Այն պետք է ցույց տա, թե ինչ է առաջարկում ձեր ընկերությունը և ինչ դիրք ունի ոլորտում: Բացի այդ, անհրաժեշտ է ստուգել ձեր տեղական կառավարության կամ բիզնեսի գրասենյակի հետ, որպեսզի համոզվեք, որ անվանման սահմանափակումներ չկան: Դա անելու ամենահեշտ ձևն անվան որոնման գործիքի օգտագործումն է։

 

Անունը պետք է գրավիչ լինի, հիշվի և սխալ տպավորություն չթողնի: Amazon-ի սկզբնական անունը Cadabra էր, բայց նրանք փոխեցին այն Amazon-ի (ընդգծելու համար, որ իրենք ունեն ամեն ինչ՝ A-ից մինչև Z), երբ սկզբնական անունը սխալմամբ հիշեցրեց "cadaver"(դիակ) բառը: Նույնիսկ Google-ը փոխեց իր անունը. սկզբնական անունն էր՝ Backrub (մեջքի մերսում):

 

Թեև հետագայում կարող եք փոխել ձեր ընկերության անունը, այնուամենայնիվ պետք է փորձեք դա ճիշտ անել հենց առաջին անգամից, քանի որ անվան փոփոխությունը գրանցումից հետո պահանջում է լրացուցիչ վարչական և իրավական աշխատանք: Սովորաբար դա ներառում է նոր հարկ վճարողի հաշվառման համար (EIN) ստանալը, Ներքին եկամուտների ծառայությանը ծանուցելը, թույլտվությունների և արտոնագրերի փոխելը, և այդ ամենից հետո էլ դեռ պետք է ռեբրենդինգի համար վճարել:

 

 

Բիզնեսի անվան գրանցումը

Կա բիզնեսի անունը գրանցելու երեք մոտեցում, որպեսզի ուրիշները չկարողանան օգտագործել այն: Դուք կարող եք.

 

  • Ստեղծել կազմակերպություն, ինչպիսիք են ՍՊԸ կամ C-կորպորացիա։

  • Գրանցել ձեր բիզնեսի անունը որպես DBA (doing business as) կամ առևտրային անվանում:

  • Գրանցել ձեր բիզնեսը դաշնային ապրանքային նշանի ներքո:



Հնարավոր է օգտագործել բոլոր երեք մոտեցումները, բայց հիմնականում նախընտրելի է ընտրել այս տարբերակներից որևէ մեկը։ Որպես կանոն դուք պետք է գրանցեք ձեր ընկերության անունը որպես իրավական անձ: Յուրաքանչյուր նահանգ ունի իր սեփական օրենքները ընկերության անվան գրանցման համար, հետևաբար համոզվեք, որ ծանոթ եք տեղական պահանջներին։

 

Ամենից շատ պաշտպանություն տրամադրող տարբերակը ապրանքանիշի գրանցումն է, քանի որ այն գործում է ողջ երկրի մասշտաբով։ Եթե երկրում մեկ այլ ընկերություն ցանկանում է օգտագործել ձեր անունը, նրանք ոչինչ անել չեն կարող, քանի որ անունն արդեն պատկանում է ձեզ։ Ցանկացած փորձ համարվում է խախտում և կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։

 

 

Ի՞նչ է EIN-ը (գործատուի նույնականացման համարը)

Գործատուի նույնականացման համարը (EIN) ձեր ընկերության եզակի նույնականացուցիչն է (ինչպես հայաստանյան ՀՎՀՀ-ն), որը Ներքին եկամուտների ծառայությունը (ՆԵԾ/IRS) օգտագործում է՝ որոշելու, թե որքան հարկ է պարտավոր վճարել ընկերությունը: Դա ինը նիշանի համարանիշ է, որը ՆԵԾ-ը տրամադրում է, երբ դուք գրանցում եք ձեր ընկերությունը որպես իրավաբանական անձ: Որոշ առումով EIN-ը բիզնեսների համար այնպիսին է, ինչպիսին սոցիալական ապահովության համարն (SSN) է անհատների համար:

 

Թեև ոչ բոլոր ձեռնարկություններն են պարտավորված ունենալ EIN, այն ձեռնարկությունները, որոնք ունեն աշխատակիցներ, գործում են որպես կորպորացիաներ, ցանկանում են օգտվել որոշակի հարկային արտոնություններից, գործում են որպես իրավաբանական անձ (օրինակ՝ ՍՊԸ), կամ ցանկանում են եկամուտներից կանխիկ պահել հարկեր, պետք է ունենան այն: Բիզնեսի բոլոր տեսակները, ոչ առևտրային կազմակերպությունները, պետական գործակալությունները, ապահովագրված անձինք կարող են դիմել EIN ստանալու համար: Գործունեություն վարելու համար գրեթե բոլոր այս դեպքերում նրանք պետք է ունենան EIN:

 

Որպես բիզնես սեփականատեր՝ դուք կարող եք անվճար դիմել ՆԵԾ-ին EIN ստանալու համար: Ոչ ռեզիդենտները, ովքեր գտնվում են ԱՄՆ-ից դուրս, բայց ցանկանում են այնտեղ բիզնես հիմնել, պետք է դիմեն հեռախոսով, թեև ՆԵԾ-ը ընդունում է նաև դիմումներն առցանց, ֆաքսով կամ փոստով՝ նրանց համար, ովքեր գտնվում են երկրի ներսում։ ՆԵԾ-ը պահանջում է, որ դուք տրամադրեք հետևյալը՝

 

  • Ընկերության տեսակը, որի համար դիմում եք,

  • Պատճառը, թե ինչու եք դիմում (դրանց թվում են նոր բիզնես ստեղծելը կամ կազմակերպությունը փոխելը),

  • Գործունեության սկսման կամ ընկերության ձեռքբերման ամսաթիվը,

  • Ձեր բիզնեսի ճյուղը/ոլորտը:

 

EIN հայտի դիտարկման ժամկետը տարբեր է: Առցանց այն անմիջապես է ստացվում, բայց այլ մեթոդներով կարող է տևել երկուսից հինգ շաբաթ՝ համապատասխանաբար ֆաքսով կամ փոստով հայտերի համար։

 

 

Ինչպե՞ս բացել բանկային հաշիվ ԱՄՆ-ում 

ԱՄՆ-ում բիզնես բացելու մաս է կազմում ամերիկյան բանկային հաշիվ բացելը: Բացի անհատ ձեռնարկատերերից և համատեղ ձեռնարկություններից, ԱՄՆ-ում բանկային հաշիվ ունենալը սովորաբար պարտադիր պահանջ է բիզնեսը գրանցելու համար: Դուք կցանկանաք ունենալ բիզնես հաշիվ, ինչը պահանջում է EIN գրանցում, որպեսզի ՆԵԾ-ը կարողանա գտնել և հարկեր գանձել ձեր ընկերության անդամներից։ Եթե ունեք աշխատակիցներ Միացյալ Նահանգներում, գործում եք որպես կորպորացիա, լրացնում եք որոշակի դաշնային հարկային հայտեր կամ գանձում եք հարկեր, ապա դուք պետք է ունենաք EIN:

 

Եթե ֆիզիկապես գտնվում եք Միացյալ Նահանգներում, ապա կարող եք այցելել որևէ հայտնի բանկ, ինչպիսին է Bank of America-ն կամ Chase Bank-ը: Կան նաև փոքր և միջին բիզնես բանկեր, ինչպիսիք են Bluevine-ը կամ Grasshopper-ը, որոնք բավականին հարմար են առցանց կամ էլեկտրոնային առևտրի բիզնեսների համար: Դուք հիմնականում կարող եք դիմել բիզնես բանկային հաշվի համար՝ ունենալով միայն անձնագիր (կամ ԱՄՆ վարորդական վկայական) և ձեր բիզնեսի EIN-ը։ Կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, ինչպիսիք են կորպորացիա դառնալու արձանագրությունները, բիզնես արտոնագրերը կամ DBA վկայականը:

 

Այնուամենայնիվ, ավանդական բանկերը միակ տարբերակը չեն: Fintech վճարային ծառայություններ մատուցողները, ինչպիսիք են Wise Business-ը, Revolut-ը, Remitly-ն, Mercury-ն, Payoneer-ը և նույնիսկ PayPal-ը առաջարկում են հեշտ առցանց լուծումներ՝ բազմաթիվ արժույթներով և դեպի արտասահման փոխանցումների հնարավորությամբ։ Այս առանձնահատկությունները դարձնում են այս լուծումները գրավիչ այն սեփականատերերի համար, ովքեր արդեն հաստատված են ԱՄՆ-ի սահմաններից դուրս և ցանկանում են շուկա մուտք գործել: Fintech ծառայությունները սովորաբար ավելի արագ են, քան ավանդական բանկերը, ավելի հարմար, քանի որ հիմնականում առցանց են և հասանելի են բազմաթիվ սարքերով, ունեն 24/7 մատչելիություն և հաճախորդների սպասարկում, սովորաբար ավելի ցածր գործարքային վճարներ են կիրառում և անվտանգության բարձր մակարդակ ունեն։

 

Անկախ նրանից՝ ինչ եք ընտրում, ձեր բիզնեսի համար բանկային հաշիվ ունենալը գրեթե պարտադիր է: Իսկ նախքան բանկ ընտրելը, հաշվի առեք, թե ինչ է պահանջում ձեր բիզնեսը և որտեղ եք գործում։

 

 

Ամփոփում 

ԱՄՆ-ում բիզնես բացելը կարող է բարդ թվալ, անկախ նրանից՝ ռեզիդենտ եք, թե ոչ: Փաստաթղթերը, վճարները, հարկերը և կանոնակարգերը կարող են ճնշող լինել, հատկապես, երբ նույն կանոնները չեն կիրառվում ամենուր: Բացի այդ, դուք պետք է մտահոգվեք մեկնարկային ծախսերի մասին, ինչպիսիք են գույքի գնումը, առաքման կառավարումը, մարդկանց աշխատանքի ընդունելը՝ ձեր բիզնեսը վարելու համար, և ձեր առցանց խանութի ստեղծումը: Նույնիսկ կայքի ստեղծումը, որ ավելի քան հեշտ է, կարող է լրացուցիչ խնդիր թվալ, որի մասին պետք է հիշել՝ ձեր բիզնեսը հիմնելիս:

 

Այս ամենը ձեր սեփական բիզնեսը սկսելու ներածությունն է, և շատ բաներ դեռ պետք է քննարկել։ Համաձայն ենք, դա կարող է շփոթեցնող լինել։ Եթե դուք ունեք լրացուցիչ հարցեր, Hoory AI-ը պատրաստված է պատասխանելու ձեր հարցերին՝ կապված ձեր բիզնեսի գրանցման հետ, ուստի փորձեք այն, եթե լրջորեն մտածում եք ԱՄՆ-ում բիզնես սկսելու մասին։

 

Ցանկացած որոշում կայացնելիս հիշեք, ԱՄՆ-ն դեռևս աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկն է (եթե ոչ ամենամեծը)։ Այն ավելի բարենպաստ է բիզնեսի համար՝ համեմատած շատ այլ վայրերի, ունի հսկայական գնողունակություն և աշխարհի խոշորագույն մասնավոր բիզնեսների հայրենիքն է։ Այնպես որ, եղեք համարձակ և վստահաբար գրավեք այս նոր շուկան։

Այլ նմանատիպ նյութեր

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample