Ֆրիլանս դիզայների պատվիրատուների 5 տեսակ

2024-02-12

Ի՞նչ բառերով կնկարագրեիք ֆրիլանս դիզայներին։ Հավանաբար, այսպես ասած, «օֆիսային» դիզայներները միշտ երանի են տալիս նրանց։ Չէ՞ որ ֆրիլանս աշխատելիս ազատ ես իրականացնել մտահղացումներդ, ինչպես նաև տնօրինել ժամանակդ։ Բայց ամեն ինչ չէ, որ իդեալական է, քանի որ չգիտես, թե ֆրիլանս աշխատելիս ինչպիսին է պատվիրատուն, որոնք են նրա պահանջներն ու մոտեցումները։ Դե, ամեն ինչ հարաբերական է։

 

Եթե ֆրիլանս դիզայներ եք, ապա, բարեբախտաբար, դուք էլ կարող եք տարբերել պատվիրատուի «տեսակը»՝ ձեռք բերելով փորձ ու հասկանալով նրանց ակնկալիքները։ Եթե դեռ սկսնակ եք, մենք կարող ենք օգնել և ներկայացնել այն հիմնական հատկանիշները, որոնցով առանձնանում են ձեր պատվիրատուները:

 

 

Պատվիրատուների հիմնական հինգ տեսակ

Հետաքրքիր է՝ ինչ ասոցիացաներ են առաջանում տարբեր մարդկանց մոտ այս հարցի շուրջ մտածելիս։ Մենք առանձնացրել ենք հինգ տեսակ, որոնց հետ հավանաբար առնչվել եք, եթե զբաղվել եք ֆրիլանս դիզայնով: Այստեղ նաև առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպես աշխատել նրանց հետ։ Դե, սկսենք..

 

 

«Ես ինչ իմանամ» պատվիրատուներ

Քանի որ դիզայները դուք եք, որոշ պատվիրատուներ ակնկալում են, որ դուք կարող եք հրաշքներ գործել, կամ գոնե կարդալ նրանց մտքերը։ Հարցրեք նրանց, արդյոք ունեն լոգոյի կամ ընդհանուր դիզայնի օրինակ, որն ուզում են իրենք էլ ստանալ, իսկ նրանք կպատասխանեն «դե չէ, չգիտեմ», արդյո՞ք նրանք ունեն գունային նախընտրություն՝ «չէ, չգիտեմ», ինչ-որ էլեմենտներ հստակ պետք է լինեն դիզայներական փաթեթում՝ «վայ, չգիտեմ»։

 

 

i dont know - customer answer

 

 

Այսպիսի պատվիրատուների հետ աշխատանքը կարող է ոչ միայն հոգնեցնող լինել, այլ նաև «սխալ» արդյունքի հանգեցնել։ Որպես դիզայներ՝ ձեր աշխատանքի որակը, ընդհանուր առմամբ, կախված է պատվիրատուի հստակ ցանկություններից և նախընտրություններից, և այն արդյունքից, որը պետք է ստանալ։ Հրաշագործ դառնալու փոխարեն դուք պետք է առաջադրանքներ ստանաք, որոնց իրականացումը մոտավորապես պարզ է լինում հենց սկզբում։

 

Այնուամենայնիվ, որոշ պատվիրատուներ չգիտեն, թե ինչ դիզայն են ուզում, քանի որ կամ դեռ դիզայների հետ չեն աշխատել, կամ էլ վստահ չեն, թե ինչպես են պատկերացնում իրենց բիզնեսը։ Բայց ամեն ինչ կորած չէ, քանի որ դուք կարող եք սկսել և գտնել նրանց հետ հեշտությամբ աշխատելու տարբերակներ:

 

Ի՞նչ անել

Եթե պատվիրատուն հստակ պատկերացում չունի, թե ինչ արդյունք է ակնկալում, ապա կարելի է նրան ասել, թե ինչ մանրամասներ եք օգտագործելու դիզայնում։ Մեկ այլ տարբերակ է նախորդ պատվերների ոճային ներկայացումը, նաև կարող եք կիսվել նոր աշխատանքի վերջնական արդյունքի մասին ձեր մտքերով: Մինչև սկսելը տվեք հարցեր, որոնք կպատասխանեն մանրամասն տվյալներին, օրինակ՝ ի՞նչ գույներով է պետք աշխատել և ի՞նչ պետք չէ օգտագործել։

 

Այս տեղեկությունների մասին խոսելը թույլ կտա պատվիրատուին ավելի լավ պատկերացում կազմել դիզայներական աշխատանքի մասին, ինչպես նաև հարմարվել ձեր «պայմաններին»։

 

 

«Ինչքա՞ն կարժենա» պատվիրատուներ

Իրականում, լավ դիզայնը չի կարող շատ մատչելի լինել. լավ աշխատանքը պետք է լավ վարձատրվի: Բայց շատ պատվիրատուներ հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Նախքան որևէ որոշման գալը, հիշեք, որ բոլոր պատվիրատուները տարբեր են։ Շատ դեպքերում նրանք հեռու են դիզայնի ոլորտից՝ երբևէ չեն աշխատել դիզայներների հետ, այնպես որ լավ գաղափար չունեն հաջողակ դիզայն նախագիծ ստեղծելու մասին։ Երբ բարձր գին է առաջարկվում, նրանք հիմնականում կաշկանդվում են։

 

Նման պատվիրատուների հետ աշխատելը կարող է հուսահատեցնող լինել։ Ի վերջո, դուք ձեր լավ աշխատանքի դիմաց լավ վարձատրություն եք ակնկալում։ Եվ, ամեն դեպքում, եթե զգում եք, որ նման մանրուքները խանգարում են աշխատանքին, կարող եք փորձել լինել ավելի ճկուն գնային առաջարկների հարցում:

 

 

Ի՞նչ անել

Այսպիսի պատվիրատուների համար ցանկալի է ստեղծել աշխատանքի ամեն մի բաղադրիչի գնացուցակը՝ անկախ նրանից ժամավճարով եք աշխատում, թե ֆիքսված գումարով։ Սա պատվիրատուին կբացատրի յուրաքանչյուր մանրուքի արժեքը։ Բայց պետք չէ շատ իջեցնել գումարի չափը, չէ՞ որ դեռ աշխատելու եք ու լավ դիզայներական աշխատանք ներկայացնելու, ինչն արժեքավոր գործ է։ Փորձեք ընտրել ոսկե միջինը:

 

 

«Մի բան ավելացնենք» պատվիրատուներ

Երևի ծանոթ եք նման դեպքերի, երբ պատվիրատուն ներկայացնում է նախագիծը, որոշում արժեքը և վերջնաժամկետը, իսկ հետո հետ է վերադառնում ու հիշում, որ մի բան պակաս է։ Թեկուզ դուք գիտեք, որ ավարտել եք աշխատանքը, բայց վերջնաժամկետն ավելի է երկարում։

 

Իսկ երբ նոր առաջացած առաջադրանքն էլ եք վերջացնում, մի նոր փոփոխություն է առաջանում և այդպես շարունակ։ Ի վերջո, այս ամենը դառնում է երկար փոփոխությունների մի շարք, ինչը շատ ժամանակ է խլում։

 

Ի՞նչ անել

Այս հարցում ձեր կարծիքը պետք է կարևոր նշանակություն ունենա։ Որոշ դիզայներներ կատարում են 2-4 անվճար փոփոխություն, մինչդեռ այլ հավելումները (ներկա աշխատանքից դուրս ցանկացած փոքր փոփոխություն) լինում են վճարովի՝ լինի դա ժամավճարով թե ֆիքսված գումարով։ Ընտրությունը կախված է ձեր և ձեր պատվիրատուի դիզայներական «նպատակներից»։ Պետք է միայն հիշել, որ չնայած կարևոր է ընթացիկ համագործակցությունը, ամեն դեպքում պետք չէ միշտ զիջումների գնալ։

 

 

«Ես ուրիշ բան էի ուզում» պատվիրատուներ

Ֆրիլանս հիմունքներով աշխատելիս հարկավոր է հիշել, որ միշտ էլ առաջանում են հակասություններ։ Բարեբախտաբար, բոլորն էլ լուծելի են, չէ՞։ Բայց նաև պատահում է, որ որոշ պատվիրատուներ ծանր են տանում հասկացված չլինելու փաստը։ Շատ դեպքերում պատվիրատուն հասկանում է, որ ճիշտ ցուցումներ տալու հիմքում ընկած է լավ աշխատանքը։ Իսկ որոշ դեպքերում էլ չեն պատկերացնում, թե ինչպես շփվել դիզայներների հետ, արդյունքում՝ վատ արդյունք են ստանում և մեղավոր, իհարկե, իրենց չեն համարում։

 

Եկեք պատկերացնենք, որ պատվիրատուն ուզում է ունենալ լոգո, որը պետք է լինի նարնջագույն և մոխրագույն տեքստով։ Շատ լավ. մտածում եք ու անցնում գործի։ Երկու օր անց ներկայացնում եք նախնական տարբերակը, իսկ պատվիրատուն չի հավանում՝ ասելով, որ լոգոն պիտի ալիքաձև լինի, իսկ տեքստը պետք է լինի ներքևում։ Դե, ինչ արած, փոփոխում եք լոգոն ու էլի արժանանում վատ գնահատականի։

 

Այսքան տարբեր առաջադրանքները բնականաբար հաճելի չեն, բայց նման դեպքեր շատ են պատահում։ Դրա համար էլ պետք է լուծում գտնել։

 

Ի՞նչ անել

Այս դեպքը նման է նախորդին. դուք պետք է կարողանաք տալ հստակ պատկերացումներ, թե ինչպես են կատարվում խմբագրումները, որպեսզի պատվիրատուն ևս զգա պատասխանատվություն, նաև պատրաստ լինի վճարել հավելավճար, օրինակ՝ 2-4 փոփոխություններից հետո։ Այս հանգամանքի մասին պետք է նախապես զգուշացնել և բացատրել, թե ինչու է անհրաժեշտ հավելավճարը: Հարցուփորձ արեք պատվիրատուին, ուղարկեք ձեր կատարած աշխատանքն ընթացքում ու կապ պահպանեք իր հետ։ Այս պարզ քայլերով դուք կխուսափեք տարաձայնություններից ու, ի վերջո, աշխատանքն ավելի արդյունավետ ու գնահատված կլինի։

 

 

«Ուշացած» պատվիրատուներ

Դուք ունեք նոր պատվիրատու, իսկ նա սպասում է ձեզնից մեծ աշխատանք։ Դե, դուք անցնում եք գործի՝ լավագույնս ներկայացնելով դիզայներական հմտությունները։ Բայց, ցավոք, պատվիրատուն անակնկալի է բերում՝ ասելով, որ մոտակա 24 ժամում է պետք հանձնել աշխատանքը։

Ճիշտ է՝ շատ դիզայներներ կհամաձայնեն նման պայմանների, բայց համաձայնեք, որ դա այդքան էլ ճիշտ որոշում չէ։ Արագ աշխատելիս հնարավոր է լինեն բացթողումներ, ինչի պատճառով աշխատանքը կտուժի։

 

Ի՞նչ անել

Մինչև պատասխանելը, մտածեք ու կշռադատեք ձեր անձնական ու մասնագիտական գրաֆիկը՝ արդյո՞ք հնարավոր է հասցնել այդպիսի ժամկետում։ Առաջադրանքը հե՞շտ է, կարո՞ղ եք մի քանի ժամվա մեջ ստանալ ցանկացած արդյունքը, թե՞ ողջ գիշեր պետք է արթուն մնալ։ Պայմանավորվածությունները ցանկալի է պահել, բայց եթե իրավիճակը փոխվում է, ապա կարող եք որոշում կայացնել՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները:

 

Ուզու՞մ եք ունենալ ֆրիլանս դիզայների «լավ կարիերա»։ Նախ պետք է ճանաչել պատվիրատուին։

 

Ցանկացած դիզայներ հասկանում է, որ պատվիրատուները կարող են տարբերվել։ Հետևաբար, դուք ևս պետք է պատրաստ լինեք ցանկացած իրավիճակի։ Եթե հանդիպել եք մեր նշած հինգ պատվիրատուներից որևէ մեկին, հուսով ենք՝ նրանց հետ աշխատանքն արդեն ավելի հեշտ կստացվի։ Երբ ճանաչում ենք պատվիրատուին, մեզ համար էլ ավելի հեշտ ու հաճելի է զբաղվել սիրելի գործով։ Հաջողությու՜ն այս հարցում:

 

 

Բոնուս հնարք

Եթե ուզում եք ձեր պատկերացրած կայքն իրականություն դարձնել կարճ ժամանակում, ապա կարող եք ստեղծել ձեր իսկ պորտֆոլիո-կայքը Ucraft-ի օգնությամբ։ Վեբկայքի շնորհիվ ոչ միայն կցուցադրեք ձեր`աչքի ընկնող աշխատանքները, այլ նաև կօպտիմալացնեք այն՝ ավելի հասանելի դառնալով ձեզ որոնող «լավ» պատվիրատուների համար։

Դե ինչ, կարող եք սկսել հենց հիմա:

Related posts

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample